Հայ հայրիկներն ավելի շատ են փող ուղարկում Ռուսաստանից․ գո՞հ է արդյոք ֆիննախը

Մարդիկ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի և ոչ այն պատճառով, որ չեն ուզում մնալ Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները 2017թ-ին վերադարձել են «միլիարդ +» մակարդակին։

Ռուսաստանի և Հայաստանի Կենտրոնական բանկերի տվյալներով՝ 1 տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 65 մլն դոլար (2016թ-ին` 897 միլիոն)։ Ռուսաստանին առաջվա պես բաժին է ընկնում արտասահմանից արված փոխանցումների ավելի քան 90 տոկոսը (2017թ-ին՝ 94 տոկոս)։ Երկրի կախվածությունը տրանսֆերներից այդքան մեծ չէ, ինչպես նախկինում, բայց ամեն դեպքում կազմում է ՀՆԱ ավելի քան 6 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ մեքենաշինության բաժինը շուրջ 0,07 տոկոս է։

Չկա մարդ, չկա խնդիր. ինչպես է Հայաստանը պայքարում գործազրկության դեմ

Ընդ որում` ջանքեր են գործադրում և՛ նրանք, ովքեր մեկնում են Ռուսաստան աշխատելու, և՛ նրանք, ովքեր մշտապես են բնակվում այստեղ։ Վերջինները նույնիսկ ավելի շատ գումար են փոխանցել (558 միլիոն 507-ի դիմաց)։ Նրանց հարազատներն առաջվա պես չեն կարողանում ապրել առանց այդ գումարների։ Ռուսաստանից Հայաստան միջին դրամական փոխանցումը կազմում է մոտ 300 դոլար։

Այդ գումարը հավասար է Հայաստանում շատերի ամսական աշխատավարձին (պաշտոնական տվյալներով՝ բնակչության 90 տոկոսն ամսական ստանում է 280 հազար դրամ կամ 580 դոլար։ Որոշ վերապահումներով կարելի է հավատալ այս թվերին)։

Արդյունքում 2017թ-ին Հայաստանի բնակիչները մի քիչ ավելի շատ են տաքացել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ 2017թ-ին տնային տնտեսությունների գազի սպառումն աճել է 7 տոկոսով, իսկ մանրածախ առևտրի շրջանառությունը, համաձայն վիճակագրական տվյալների, 5,5 տոկոսով։

Նույն 2017թ-ին Հայաստանից Ռուսաստան ֆիզիկական անձինք (այսինքն առանձին մարդիկ, այլ ոչ թե ձեռնարկությունները) փոխանցել են 372 միլիոն դոլար։ Բայց այստեղ փոխանցումներն ավելի խոշոր են՝ միջինում 1 350 դոլար։ Ցավոք, նման հետազոտություն չկա, թե ով և ինչի համար է ուղարկել։

Հայաստանի ֆինանսների նախարարությունը կարծում է, որ չափազանց շատ փոխանցումներն օգուտ չեն տալիս տնտեսությանը։ Մարդիկ չեն ձգտում իրենք աշխատել, այլ հույսը դնում են «հայրիկների և հորեղբայրների» վրա։ Ճիշտ է` 2017թ-ին նրանք նոր ուժով են մեկնել արտագնա աշխատանքի։ Ամենայն հավանականությամբ, ոչ այն պատճառով, որ տունը չի ձգում․․․