Պատերազմը չեմ բացառում, մենք պատրաստ ենք Բաքվի գործողություններին. Մովսես Հակոբյան

Մեր բանակը պատրաստ է դիմակայել հակառակորդին, իսկ հակառակորդն էլ շատ լավ հասկանում է դա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Հակառակորդը շատ լավ է հասկանում, որ Հայաստանի և Արցախի Զինված ուժերը պատրաստ են պատերազմի վերսկսման։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրում ասել է ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Կրակոցներից մինչև անօդաչու սարք. ի՞նչ գործողությունների է դիմել Ադրբեջանը Արցախի սահմանին

«Զինված ուժերը միանշանակ պատրաստ են։ Ասեմ, որ հակառակորդը դա շատ լավ է հասկանում է։ Եվ պատերազմի չվերսկսման հիմնական գրավականը հենց դա է։ Երբ հակառակորդը մեկ վայրկյան զգաց, որ կարող է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել, իրականացնելու է դա և որևէ մեկից չի հարցնելու»,- ասել է նա։

Հակոբյանը նշել է, թե մենք միշտ պարտադրված ենք ուժեղ բանակ ունենալու։

«Այն տարածաշրջանը, որտեղ ապրում է հայ ժողովուրդը, բարդ է, հակասություններով լի։ Եվ մեր պատմությունից հետևություն ենք արել, որ բոլոր դժբախտությունների պատճառը բանակ չունենալն է»,- նշել է նա։

Հարցին` արդյոք հնարավոր է Ադրբեջանում նախագահական ընտրությունների ֆոնին ռազմական գործողությունները վերսկսվեն, Հակոբյանն ասել է, որ որպես զինվորական դա երբեք չի բացառում, բայց այս պահին ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ հակառակորդը որևէ խնդիր չի կարող իրագործել։ Նրա խոսքով` զինվորական տեսանկյունից այսօր բարենպաստ վիճակում ենք։