ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր` մարտի 24-ին, իր առաջին հանդիպումն անցկացրեց Էստոնիայի ընտրանու հետ, և կողմերը բաժանվեցին խաղաղությամբ` դարպասները պահելով անառիկ։
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հանդիպման ընթացքում հնարավորություն ունեցավ փորձարկելու և՛ նոր խաղացողներին, և՛ նոր մարտավարությունը։
Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Երկու կողմերն էլ ունեցան դարպասը գրավելու մի քանի հնարավորություն, բայց արդյունավետ հարված այդպես էլ չգրանցվեց։ Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով` 0։0։
Հաջորդ հանդիպումը, որ կանցկացնի Հայաստանի հավաքականը, նորից ընկերական բնույթ է կրում. մարտի 27-ին մեր ընտրանին կհյուրընկալի Լիտվայի հավաքականին։