Ո՞վ է «կերել» հուշարձանների վերականգնման փողերը. պաշտոնյաները կդատարկեն գրպանները

Դատախազությունը փնտրում է մշակույթի ոլորտի պաշտոնյաների գրպանած գումարները։ Ո՞ւմ գրպանները կդատարկվեն, և ո՞վ կհայտնվի ճաղերի հետևում պարզ կդառնա քրեական գործի նախաքննության ավարտին։ Իսկ մինչ այդ Sputnik Արմենիան փորձել է պարզել` որքան գումար է գողացվել և որ հուշարձաններն են տուժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Նելլի Դանիելյան. Մշակույթի նախարարության որոշ պաշտոնյաներ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհայտնվեն ճաղերի հետևում կամ ստիպված կլինեն սեփական գրպանից փոխհատուցել պետությանը պատճառված վնասը։

Վրաստանի պատրիարքարանը կռիվ է տալիս հայկական եկեղեցու համար` կրոնական գողությո՞ւն

ՀՀ գլխավոր դատախազությունը մարտի 21-ին հայտարարեց, որ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք հուշարձանների վերականգնման չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված և դրա դիմաց բյուջեից 67 մլն դրամ են ստացել։

Հետաքրքրական է, որ սեփական աշխատակից պաշտոնյաների չարաշահումները բացահայտել են հենց Մշակույթի նախարարությունում։

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործը հարուցել են հենց Մշակույթի նախարարությունից ստացած դիմումի հիման վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։

«Նախարարությունն է դիմել, որպեսզի պարզվի` ովքեր են մեղավոր, ովքեր են խնդրի հետ առնչվում, և պետությանը պատճառված վնասը հատուցվի»,- ասաց Աբրոյանը։

Թե մշակույթի ոլորտի որ պաշտոնյաներն են առնչվել գործին, Աբրոյանը անուններ չցանկացավ հրապարակել` այդ հարցի պատասխանը թողնելով իրավապահներին։

Փոխարենը գործակալության պետը հայտնեց, որ դիմումում ներկայացված փաստերը վերաբերում են 2014-2016թթ-ին վերանորոգված 6-7 պատմամշակութային հուշարձանի։

Այդ շինարարական աշխատանքներում, Աբրոյանի խոսքով, ներգրավված են եղել 5 շինարարական կազմակերպություն։

Յուրահատուկ հայկական վիմափոր եկեղեցին կարող է դառնալ զբոսաշրջիկների սիրելի վայրը

Դրանցից մեկն, ի դեպ, արդեն պետական բյուջե է վերադարձրել չարաշահած գումարը։

«Հուշարձաններից մեկի վերականգնող կազմակերպությունը տարվա ընթացքում վերականգնել է իր կողմից թույլ տրված վնասի գումարը։ Այսինքն` ոչ թե հուշարձանն է վնասվել կամ տուժել, այլ դրա վերականգման համար ծախսված գումարի և ծավալի անհամապատասխանության հետևանքով ավել գումարը վերադարձրել է բյուջե»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը։

Հրապարակային ծանուցումների azdarar.am ինտերնետային կայքում հրապարակված գնումների պայմանագրերի համաձայն` 2014-2016թթ-ին մշակույթի նախարարության հայտարարած մրցույթներին մասնակցել ու շահել են «ՀՊՕ-Զորավիգ», «Հուշարձանների վավերագրում», «Կրեդո-14», «Հարսնաձոր», «ԷՅ ՓԻ Քոնսթրաքշն», «Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոն» և «ԲՈՒՐԳ-999», «Կոտայքնախագիծ» ՍՊԸ-ներն ու ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը։

2014-16թթ-ի ընթացքում վերանորոգվել են ընդհանուր առմամբ 48 հուշարձան` 850 մլն պետական միջոցներով։

Վերանորոգված հուշարձանների շարքում են եղել Հնագույն Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի խճանկարը, Դվին հնավայրի տարածքը, ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրը, Երևան քաղաքի Հանրապետության 32 հասցեում գտնվող նախկին նահանգապետարանի շենքի որմնանկարները, Արագածոտնի մարզի Սբ. Նշան եկեղեցին։

Հայերը շատ համառ են. Սուրբ Վարդանը կանգուն է մնացել Նյու Յորքի «բետոնե ջունգլիների» մեջ

Ընդհանուր առմամբ 2004-16թթ ընթացքում պետական միջոցներով վերանորոգվել ու վերականգնվել են 157 պատմամշակութային հուշարձան, ծախսվել` 4մլրդ 630մլն դրամ։

Ի դեպ, հուշարձանների վերանորոգման ծրագրերում չարաշահումներ նախկինում էլ եղել են։ Օրինակ` 2007-2008 թթ. ստուգումների ընթացքում նման բացահայտումներ էր արել նաև Վերահսկիչ պալատը։ Պարզվել էր, որ Քոբայրավանքի ու Հնեավանքի վերականգնողական աշխատանքների համար 321 միլիոն դրամ ստացած ընկերությունը դրանից 57 միլիոնը գրպանել էր։

Հետագայում` 2014թ-ին, նույն Քոբայրավանքի վերականգնման համար պետական բյուջեից ես 17 միլիոն դրամ, 2015-ին` ևս 18 միլիոն դրամ է հատկացվել։

Վերահսկիչ պալատի այս բացահայտումների արդյունքում պետական ոչ մի պաշտոնյա, այդ թվում` մշակույթի ոլորտից, պատասխանատվության չենթարկվեց։

ՀՀ ԳԴ հայտարարությունից հետո հանրությունը սպասում է հետագա զարգացումների։

Ի դեպ, նշենք, որ 2014-16թթ-ին մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանն էր։