ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Եվգենյա Մեդվեդևայի բացակայությունը Միլանի գեղասահքի աշխարհի առաջնությունում կարող էր ազդել օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի հոգեբանական վիճակի վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է պարուսույց և օլիմպիական խաղերի մրցանակակիր Իլյա Ավերբուխը։
Զագիտովան Միլանի ԱԱ-ում կարճ ծրագրից հետո զբաղեցրել է երկրորդ տեղը, բայց ազատ ծրագրում անհաջող է ելույթ ունեցել՝ երեք անգամ ընկնելով և արդյունքում աշխարհի առաջնությունում զբաղեցրել է հինգերորդ տեղը։
«Կարծում եմ, որ Ալինայի անհաջողության պատճառը եղել է ոչ թե հոգնածությունը, այլ հոգեբանությունը։ Ազդել են մի քանի գործոններ։ Դրանցից մեկն այն է, որ Ալինան արդեն թաքնված տաղանդ չի եղել, նա եկել է Միլան որպես թիվ մեկ գեղասահորդուհի, բոլորը հավատացել են նրա հաղթանակին։ Բոլորը նրանից արդյունք են ակնկալել։ Մեդվեդևան բաց է թողել այդ մրցումները, բայց Ալինան հասկացել է, որ, միևնույն է, հեռակա կարգով մրցում է Ժենյայի հետ, նա սովորաբար ապացուցելու բան ուներ», — հեռախոսով ասել է Ավերբուխը։
«Կոպիտ ասած՝ նրանք ասես պելոտոնի մեջ լինեին, Ժենյան ճեղքում էր օդը, իսկ Ալինան շարժվում նրա հետևից։ Ժենյան Միլանում չէր, և Ալինայի մոտ ստեղծվել է ներքին շփոթվածության իրավիճակ, չէ որ նա հիմա պելոտոնը տանելու էր իր հետևից, իսկ նախկինում նման բան չէր եղել», — ասել է փորձագետը։
Ավերբուխը նաև նշել է, որ երկրպագուները և մասնագետները պետք է սատարեն Զագիտովային այս դժվարին պահին։
Միաժամանակ նա կարծում է, որ ԱԱ-ին մասնակցելը կարող է սառը ցնցուղ դառնալ Ալինայի համար։
«Դա շատ լավ մոտիվացիա է հաջորդ քառամյակի, հաջորդ խաղաշրջանի համար։ Նա հիմա կվերադառնա այն մտադրությամբ, որ պետք է «աշխատել, աշխատել, աշխատել»։ Չի լինի փառքի դափնիների վրա հանգստանալու վիճակ։ Կարծում եմ, որ նման սառը ցնցուղը կարող է օգնել նրան», — ասել է Ավերբուխը։
Նա վստահ է, որ կասկադը կատարելիս առաջի սխալը շատ անսպասելի է եղել Զագիտովայի համար, և նա ուղղակի խառնվել է իրար։
Աշխարհի նոր չեմպիոն է դարձել կանադուհի Քեյթլին Օսմոնդը։