Վարչապետը սուպե՞ր է, թե՞ պատասխանատու. ընդդիմությունն ու իշխանությունը տարակարծիք են

Սուպերվարչապետի հարցն այսօր բուռն քննարկման թեմա դարձավ Ազգային ժողովում: Պատգամավորները քննարկեցին ապագա վարչապետի հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀՀ ապագա վարչապետի պարտականությունների ավելացմանը վերաբերող օրինագծերի փաթեթներն այսօր բուռն քննարկման արժանացան ԱԺ-ում: Ընդդիմությունը կառավարման նոր կարգը որակում է «սուպերվարչապետական», իշխանամետ պատգամավորները համարում են վարչապետի բացառապես պատասխանատվության և ոչ թե իրավունքների ավելացման նախաձեռնություն:

«Սուպերնախագահը» հարձակվում է. ինչով ուժեղ կլինի Հայաստանի իշխանությունը

«Մենք ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ ստեղծում ենք քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող` իր ժողովրդի, իր պառլամենտի առաջ պատասխանատվություն ունեցող վարչապետի պաշտոն», — պատասխանելով «Ելքի» քննադատական ելույթներին` ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Կոստանյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ նման նախագծերով իշխանությունը հաստատում է, որ կեղծ պառլամենտական երկիր է կառուցում:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն էլ հակադարձեց` հենց պառլամենտարիզմի շնորհիվ է, որ ընդդիմադիր պատգամավորները կարող են ազատ արտահայտվել, հարցապնդում անել և վարչապետին ու կառավարության անդամներին հրավիրել ԱԺ:

«Այդ պատճառով, երբ խոսում եք, որ պառլամենտարիզմը լիարժեք չէ, կարծում եմ՝ այդ կարծիքները հիմնազուրկ են»,-ասաց նա:

Նա անդրադարձավ նաև սուպերվարչապետական համակարգի մասին հայտարարություններին։

«Երբ ուժային կառույցները, մանավանդ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, վերահսկողական ծառայությունը, դնում ենք ուղիղ վարչապետի ենթակայության տակ, բարձրացնում ենք այդ մարմինների քաղաքական պատասխանատվության մակարդակը, և այդ կառույցների քաղաքական պատասխանատուն դառնում է վարչապետը»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ կառավարությունն արտահերթ կարգով Ազգային ժողով էր ներկայացրել «Կառավարության կառուցվածքի մասին» օրինագծի և կից այլ օրենքների փոփոխությունների առաջարկների փաթեթ, որոնցով գործող կառավարման համակարգն առաջիկայում պետք է հարմարեցվի 2015թ-ին ընդունված և այս տարի ապրիլից հետո վերջնականապես ուժի մեջ մտնող նոր Սահմանադրությանը:

Ի թիվս այլ փոփոխությունների կառավարությունն առաջարկել է մեծացնել վարչապետի լիազորությունները` նրա ենթակայությանը հանձնելով ուժային կառույցները` ԱԱԾ-ն ու ոստիկանությունը։ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ ընդունեց կառավարության առաջարկած բոլոր նախագծերը` երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ: Դրանք ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի ստորագրելուց անմիջապես հետո: