Գագիկ Սուրենյանը զգոնության կոչ է անում. վտանգավոր քամիներ են լինելու

Հնարավոր է` կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի հետևանքով հնարավոր է` կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Սուրենյանն ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ է անում զգոնություն դրսևորել։