Ֆրանսիայում ահաբեկիչը սուպերմարկետ է ներխուժել. կան զոհեր

Հանցագործը ներխուժել է Ֆրանսիայի հարավում գտնվող սուպերմարկետի տարածք ու հարձակվել մարդկանց վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Անհայտ տղամարդը Ֆրանսիայի հարավում գտվող Super U սուպերմարկետում պատանդներ է վերցրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Տրեբի քաղաքապետ Էրիկ Մենասին։

Ըստ հաղորդագրության` մահացել է սուպերմարկետում աշխատող մսագործը։ Ավելի ուշ քաղաքապետը հայտնել է, որ ևս մեկ մարդ է մահացել։

«Պատանդների ստույգ թիվը հայտնի չէ։ Իրավապահ մարմինները շրջափակել են խանութը։ Զինված անձը հայտարարել է, որ հարում է «Իսլամական պետություն» (արգելված է ՌԴ և շարք այլ երկրներում) ահաբեկչական խմբավորմանը», — նշվում է հաղորդագրության մեջ։

Պատանդներին հաջողվել է փախչել սուպերմարկետից, ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով, հանցագործը այժմ մեկ ոստիկանի հետ մենակ է մնացել սուպերմարկետում:

Դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը։

Իշխանությունները տեղի ունեցածը պաշտոնապես ահաբեկչություն չեն անվանել։