Բաղմանյան Հայկազը «արժանի տղա է». Սեյրան Սարոյանը նրա «չարաշահումներին» չի հավատում

Գեներալ–մայորը հերքում է ՀԱՊԿ շտաբի պետի նորանշանակ տեղակալի մասին բացասական լուրերը: Լրագրողների հետ զրույցում նա դրանք սուտ է որակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախյան պատերազմին մասնակցած գեներալ–մայոր Սեյրան Սարոյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում երեկ նշանակված Հայկազ Բաղմանյանի կատարած չարաշահումների մասին լուրերին չի հավատում: Այս մասին այսօր նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Բաղամանյան Հայկազը արժանի տղա է, լավ անցյալ ունի, ամբողջ պատերազմով անցել է, միշտ առաջին գծում է եղել, դրա համար ամեն մեկի ծառայության համար պետությունը արժանին է մատուցում։ Լավ կծառայեն, լավ կստանան, վատ՝ վատ, իսկ թերություն բոլորս էլ կարող ենք ունենանք, անթերի մարդ չկա», — ասաց Սարոյանը` արձագանքելով նորանշանակ ՀԱՊԿ պաշտոնյանի մասին տարածված լուրերի հիշեցմանը:

Սարոյանի կարծիքով` Հայկազ Բաղմանյանի մասին լուրերը, թե նա 2017թ-ին ՊՆ-ում զբաղեցրած պաշտոնից ազատվել է չարաշահումների կասկածանքով, սուտ են:

Հիշեցնենք, որ 2017թ-ի դեկտեմբերին գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պաշտպանության նախարարի հրամանով ազատվել էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր այդ որոշումը մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Հայկազ Բաղմանյանը զեկուցագիրը ներկայացրել է իմ հորդորով: Պատճառը աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումն ու թերացումն է»: Երեկ` մարտի 22-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։