ՌԱԴԻՈ

Թունյան. «Եթե այս տեմպով շարունակվի, տնտեսական աճի ազդեցությունն ավելի շուտ զգանք»

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է տնտեսական ներուժի մասին` ներկայացնելով սովորական հյուրանոցի զարգացման օրինակը։
Sputnik
Բաբկեն Թունյան

Պատկերացրեք` Հայաստանի տնտեսությունը մի հյուրանոց է, որն ունի 100 սենյակի հնարավորություն, բայց զբաղված է սենյակներից 10-ը։ Հյուրանոցը չի փակվում, բայց պարտքերի մեջ է խրվում, վարկ է վերցնում, որպեսզի ծախսերը փակի, աշխատողների մի մասին էլ ուղարկում է հարկադիր արձակուրդի։ Երբ հյուրերի քանակն ավելանում է, 10-ի փոխարեն 20 սենյակ է ավելանում, հյուրանոցի գործերը լավանում են, բայց կարող է` հին աշխատողներին չկանչեն, բավարարվեն եղածով։

Երբ ծանրաբեռնվածությունը մոտենա 50 կամ 100 տոկոսի, այդ ժամանակ աշխատողներն էլ կզգան տարբերությունը։ Երբ 100 տոկոսից անցնի, հյուրանոցը կարող է կողքից մի առանձին սեկտոր էլ սարքել, լրացուցիչ աշխատողների ներգրավել։

«Սա տնտեսական պոտենցիալն է։ Մենք մինչև հիմա մեր պոտենցիալից ահագին ցածր էինք։ Բնականաբար, երբ ընկերությունը ինչ-որ բան է արտադրում ու ավելացնում է արտադրանքի ծավալը, նոր հաստոցներ չի ներմուծում, այլ եղած հաստոցներով ու հզորություններով կարողանում է դեֆիցիտը լրացնել։ Դրա համար են ասում, որ որոշ ժամանակ պետք է, մինչև մենք գանք, հասնենք այն մակարդակին, որից հետո աճի ազդեցությունը արդեն հասարակությունը կզգա»,- նշում է Թունյանը։

Կառավարությունն ասում է` 2-3 տարի է պետք։ Տնտեսական մեկնաբանի կարծիքով` եթե այս տեմպով շարունակվի, կարող է` այդ աճի ազդեցությունն ավելի շուտ զգանք։