Ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամասի» նախկին և ներկա ղեկավարները

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ, իսկ կայուն հանցավոր խումբը ստեղծվել է 2014 թվականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. «Դիլիջանի ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանը և նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ։ Հատվել է ավելի քան 6000 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Պարզվել է «Դիլիջան ազգային պարկի» վագոն-տնակը հրկիզած անձանց ինքնությունը

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկայիս ղեկավարների կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունքում:

Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև  «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ, 4-րդ և 13-րդ պահաբաժինների անտառապահներ Ս.Զարգարյանը, Գ.Պողոսյանը և Վ.Դիլանյանը։

Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, ևս մեկի՝  «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետ Վ.Վասիլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, երկու անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է,  ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: