Թրամփը հրավիրել է «Ճուռակին». Մաքմաստերը լքել է նախագահի խորհրդականի պաշտոնը

ԱՄՆ–ի նախագահի` ազգային անվտանգության հարցերի խորհրդական Հերբերտ Մաքմաստերը լքում է պաշտոնը։ Ապրիլի 9–ին նրա տեղը կզբաղեցնի ՄԱԿ–ում ԱՄՆ–ի նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ իրարանցում է առաջացրել իր արտաքին քաղաքական թիմում` հայտարարելով, որ Ջոն Բոլտոնը կփոխարինի Հերբերտ Մաքմաստերին ազգային անվտանգության հարցերի խորհրդականի պաշտոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թրամփն աշխատանքից ազատել էր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին` այդ պաշտոնում առաջադրելով Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Պոմպեոյին։ Բոլտոնը նոր պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին և կդառնա նախագահ Թրամփի 15-ամսյա բուռն նախագահության ընթացքում ազգային անվտանգության հարցերի երրորդ խորհրդականը։ Բոլտոնը «ճուռակի» և անդրդվելի պահպանողականի հեղինակություն ունի, նա Իրաքում պատերազմի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակիցներից է։

Герберт Макмастер

Սպիտակ տունը Մաքմաստերի, ինչպես նաև Թիլերսոնի հեռանալը բացատրել է վարչակազմի արտաքին քաղաքական դաշինքը թարմացնելու անհրաժեշտությամբ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ Թրամփի պատմական գագաթաժողովի նախաշեմին, որը պետք է կայանա մայիսի վերջին։ Բացի այդ, Մաքմաստերին պաշտոնից ազատելն արագացրել են, որպեսզի վերջ դնեն շահարկումներին, ինչպես պնդում է Սպիտակ տունը, թեև նման բացատրությունը տարօրինակ է. Մաքմաստերի հրաժարականի մասին լուրերը չէին կարող այդ հրաժարականի գլխավոր պատճառ լինել։

Սպիտակ տունը շտապել է հայտարարել, որ Թրամփի և Մաքմաստերի միջև ոչ մի տարաձայնություն չի եղել, ինչով միայն թեժացրել է կասկածները։

«Այդ հրաժարականը կապված չի եղել ինչ-որ պահի կամ միջադեպի հետ, դա Թրամփի և Մաքմաստերի միջև շարունակական խոսակցությունների արդյունք էր», — հաղորդել է Սպիտակ տունը։

Բոլտոնը, որի թեկնածությունը Թրամփը նախկինում նույնպես դիտարկել է խորհրդականի պաշտոնում, համարվում է նրա համախոհը, որը փորձում է չհակառակվել նրան, ինչպես Մայք Պոմպեոն պետքարտուղարի պաշտոնում։ Այսպիսով, Թրամփն ավելի վստահ է առաջ տանում իր դիրքորոշումը` ազատվել նրանցից, ովքեր ցանկանում են վերահսկել և հակառակվել նրան։