Լապշինն անձամբ հայերին կպատմի «ադրբեջանական հանգստի» մասին. hետաքրքիր է լինելու

Երևանում ապրիլի 20-22–ը միջազգային զբոսաշրջային ցուցահանդես կանցկացվի, որտեղ Ալեքսանդր Լապշինը կներկայացնի ճանապարհորդությունների սեփական ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։

«Զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով մեկնում եմ Երևան: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքվում»: Ծրագիրը կներառի թռիչք Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով, հանգիստ Քյուրդախանի բանտում՝ all inclusive, և Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան: Տուրի արժողությունը՝ պայմանագրային… կատակ է», — գրել է Լապշինը։:

Բլոգերը պատրաստվում է իր ճանապարհորդությունների մասին պատմել Երևանում։

«Հետաքրքիր է լինելու, այցելեք»,- գրել է Լապշինը:

Հիշեցնենք` Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։ 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին: Լապշինը 3 տարվա ազատազրկման դատապարտվեց առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար: Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր ստորագրեց։