ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ-ում Չինաստանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուանգ Շիցայն այսօր ստորագրել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին» տեխնիկական համաձայնագիր: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը հստակեցրել են շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի ժամանակացույցը, ըստ որի` համաձայնագիրը ստորագրելուց հետո 110 օրվա ընթացքում Հայաստան կհասցվի շտապօգնության 200 մեքենան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և «China National Township Enterprises Corporation» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Յան Ջինմինի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը առողջապահության ոլորտին շտապօգնության 200 մեքենա, այդ թվում` ռեանիմոբիլներ տրամադրելու պատրաստակամության համար։ Նա ընդգծել է, որ դրա արդյունքում զգալիորեն կբարելավվի շտապօգնության ծառայությունը։
Այս ծրագիրն իրականացվում է 2017թ. մայիսի 12-ին Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակում։