Մաշտոցի պողոտայի թունելային հատվածի շինարարությունը կավարտվի՞ ժամանակին

Տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման աշխատանքներն ընթացի մեջ են, հեղեղատարի մի մասն արդեն մոնտաժված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի շինարարությունը նախատեսված ժամանակահատվածում ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվում են երկհերթ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ երթևեկությունը 2 ամսով կդադարեցվի

Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության կողմից շարունակվում են մարտի 3-ին մեկնարկած ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքները:

Անձրևների ժամանակ հեղեղումներից խուսափելու նպատակով կառուցվում է շուրջ 500 մ երկարությամբ նոր հեղեղատար կոյուղի, որը բաղկացած է լինելու 500-600 մմ տրամաչափով երկշերտ ծալքավոր խողովակներից: Արդեն մոնտաժվել է հեղեղատարի մեծ մասը՝ ավելի քան 400 մետր, որի լիարժեք թողունակությունն ապահովելու համար նշված տարածքում կառուցվել է նաև 27 նոր անձրևընդունիչ և 16 սպասարկող դիտահոր:

Նշված տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում նախկինում կուտակվում էին նաև Պարոնյան փողոցից իջնող անձրևաջրերը: Այդ պատճառով ծրագրի շրջանակում Պարոնյան փողոցում նույնպես կառուցվել է 15 նոր անձրևընդունիչ, ինչպես նաև ևս 3-ը՝ Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի հատման հատվածում: Նախկին հեղեղատար ցանցն էլ չի ապամոնտաժվում, այլ շարունակելու է գործել որպես հարակից կոյուղի:

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված հայտարարության համաձայն` շինարարությունը կտևի 2 ամիս։