ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ — Sputnik. Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին պարտություն կրեց:
Այս անգամ նա խաղում էր սև խաղաքարերով։ Նրա մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկը: Պարտիայի 37-րդ քայլին Արոնյանը անձնատուր եղավ:
Չինացի Դին Լիրեն ու ամերիկացի Ուսելի Սոն ոչ-ոքի են խաղացել: Խաղաղ ելք են կնքել նաև Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը:
Մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանան ու երկրորդ տեղում գտնվող Շաքրիյար Մամեդյարովի պարտիան դեռևս ընթացքի մեջ է:
Նշենք, որ Արոնյանը 10 տուրից հետո իր ակտիվում ունի 3.5 միավոր ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: