Կինը թանկ կվճարի նախկին ամուսնու ֆեյսբուքյան էջ մտնելու համար

Եթե դատարանում հաստատվի նրա հանցանքը, կինը ստիպված կլինի զգալի գումար տուգանք վճարել, ուղղիչ աշխատանքներ կատարել կամ առավելագույնը երկու տարի անցկացնել ազատազրկման վայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Կոտայքի մարզի բնակչի նախկին կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ նախկին ամուսնու սոցիալական կայքի անհատական էջ ապօրինի մուտք գործելու և տեղեկությունը պատճենահանելու համար, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննիչները պարզել են համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել տուժողի նախկին կնոջը:

Կոտայքի մարզի բնակչից 2017 թվականին հաղորդում էր ստացել, որ մեկ այլ անձ մուտք է գործել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջ և պատճենահանել իր նամակագրությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու՝ սոցցանցում գտնվող անհատական էջ ապօրինի մուտք է գործել նրա նախկին կինը, ով առանց թույլտվության պատճենահանել է նախկին ամուսնու և վերջինիս ընկերուհու նամակագրությունը և այն ուղարկել մեկ այլ անձի։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (hամակարգչում պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը):

Այս հոդվածով նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: