Ռուսաստանը Հայաստանին կաջակցի արտակարգ իրավիճակներն արդյունավետորեն հաղթահարելու գործում

Հայաստանը և Ռուսաստանը կընդլայնեն համագործակցությունը արտակարգ իրավիճակների հաղթահարման ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվության ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման և ընդլայնման ուղիները՝ մասնավորապես տարածաշրջանում միակը համարվող Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայ փրկարարներն իրենց թանգարանը կունենան. «փրկված» տուֆի կտորից մինչև Սպիտակի երկրաշարժ

Կողմերը քննարկել են տեխնիկական աջակցության և վերազինման գործընթացը, արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակման և կադրերի վերապատրաստման հնարավորությունները:

Կարողություններով և հագեցվածությամբ Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը հնարավորություն է ընձեռում բարձրացնել դիմակայունությունը մարդածին և բնական աղետներին ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանային մակարդակով:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության վարչության միջև 2017թ.-ին ստորագրված համագործակցության պլաններին:

Համագործակցության պլաններով նախատեսված է ապահովել տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում: