Երևանի դպրոցներում երեխաներին երթևեկության կանոններ կդասավանդվեն

Սեպտեմբերի 1-ից Երևանի դպրոցների 1-4 դասարանների աշակերտները կուսանեն ճանապարհային երթևեկության կանոնները` հետագայում օրինակելի հետիոտն դառնալու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով 2018 թվականի փետրվարի 8-ին հաստատվել է ՀՀ հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների համար նախատեսված «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը, որը մշակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Ծրագրի նպատակը երեխաների մեջ ճանապարհային երթևեկության կարգապահություն դաստիարակելն ու նրանց մոտ անվտանգ երթևեկության կանոնները պահպանելու սովորություն ձևավորելն է:

«Ճանապարհային երթևեկության կանոնների» դասավանդումը նախատեսվում է սկսել մայրաքաղաքի դպրոցներից՝ նոր ուսումնական տարվա սկզբից:

Ում ախորժակն են փակում դպրոցական ճաշարանները. պայքար հանուն մի կտոր հացի

Համաձայն ԿԳ նախարարի հրամանով հաստատված ծրագրի՝ I-IV դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկական տրանսպորտային միջոցներ: Հրապարակը կկահավորվի խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով և այլ սարքավորումներով:

ԿԳՆ ներկայացուցիչների տեղեկացմամբ` երթևեկության կանոնների դասավանդման ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ճանապարհատրանսպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրությունը: Բանն այն է, որ2016-17 թվականների վիճակագրական տվյալներով` անչափահասների մասնակցությամբ ՃՏ պատահարների թիվն այդ ընթացքում աճել է: Վերլուծությունը փաստել է, որ վրաերթերի 70 տոկոսը տեղի է ունեցել հետիոտնի մեղավորությամբ՝ անչափահասները հիմնականում ճանապարհն անցել են չթույլատրվող հատվածով։

Նախատեսվում է, որ նախ ճանապարհային ոստիկանության ծառայողները դասընթացներ կանցկացնեն ուսուցիչների հետ, ովքեր ստացած գիտելիքները այնուհետև կփոխանցեն աշակերտներին` դասավանդման գործընթացին մասնակից դարձնելով նաև ճՈ ներկայացուցիչներին։