Ոռոգման մասին գարնանը մտածելն ուշ է. վարչապետը ոռոգման խնդիրներ է կանխատեսում

Հայաստանի ջրամբարները չեն լցվել։ Հայ գյուղացին դարձյալ կարող է խնդիրներ ունենալ։ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ջրային տնտեսության պետական կոմիտեն վարչապետին է ներկայացրել ՀՀ ջրամբարների լցվածության վիճակը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Կարեն Կարապետյանը։ Թե քանի տոկոսով են դրանց պաշարները համալրված, վարչապետը չհրապարակեց, բայց ասաց, որ ոռոգման շրջանում Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է խնդիրների առաջ կանգնել։

Ջուր գողանալը կբարդանա. Հայաստանում ջրագողերի դեմ կպայքարեն անօդաչու թռչող սարքերով

«Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են ռիսկեր առաջացնել ջրամատակարարման տեսանկյունից` հանձնարարում եմ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում, շահագրգիռ մարմինների հետ համատեղ, մշակել ու ներկայացնել Ֆինանսների նախարարություն պոմպերի շահագործման, խորքային պոմպերի ձեռք բերման, վերականգնման, ինչպես նաև հորատման աշխատանքների ֆինանսական հաշվարկները»,– ասաց Կարեն Կարապետյանը։

Հաշվարկները ստանալուց հետո համապատասխան պետական մարմիններին վարչապետը հանձնարարեց պետական գնման ընթացակարգ կազմակերպել` դրա համար նախարարներին մինչև ապրիլի 16-ը ժամանակ տրամադրելով։

Առաջիկայում նման խնդիրներից խուսափելու համար ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարեց ոռոգման մասին մտածել նախօրոք` պատկան կառույցների ղեկավարներին հանձնարարելով ոռոգման սեզոնի պլանավորումն այսուհետ սկսել աշնանը։