Արմավիրում սպանել են 22–ամյա երիտասարդի. կասկածյալը ձերբակալված է

Արմավիրի մարզի գյուղերից մեկում 19-ամյա երիտասարդը սպանել է 22-ամյա համագյուղացուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Երեկ երեկոյան սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Աղբյուրի տեղեկություններով` մարտի 21-ին, ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Տուժողն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն գիշերը, գիտակցության չգալով, մահացել է։

Շամշյանը հայտնում է, որ սպանվածն Արմավիրի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Պողոսյանն էր։

Ավելի ուշ Արմավիրի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանը: Նա ձերբակալված է։