Հենրիխ Մխիթարյանը կրկին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստն է

2–րդ հորիզոնականում հայտնվեց «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ 3–րդում` «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվելու համար Մխիթարյանը հավաքել է 190 միավոր։ Նա 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանը կրկին լավագույնն է «Արսենալի» խաղի արդյունքում

«Մեծ հաճույքով եմ ստանում այս պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե, հարգելով իմ թիմակիցներին»,- մրցանակը ստանալու արարողությանը ժամանակ ասաց Մխիթարյանը:

Մխիթարյանի խոսքով` եթե ինչ–որ մեկին թվում է, թե Ազգերի լիգայի մրցաշարում մեր մրցակիցները` Ջիբլարթարի, Լիխտեյնշտեյնի և Մակեդոնիայի հավաքականները թույլ են, սխալվում է, որովհետև այսօր ֆուտբոլում թույլ թիմեր չկան։

Հիշեցնենք` 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում:

35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Իսկ երրորդ հորիզոնականը 25 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը: