Արմենուհի Մխոյան, Sputnik.
Զուգագուլպաների, լողազգեստի և հագուստի համաշխարհային «Farell» ապրանքանիշի համահիմնադիր Գոռ Հարոյանն այս անգամ հայրենիք է եկել աշխատանքային այցով։ Նա որոշել է Երևանում բացել Եվրոպայում արդեն հայտնի իր ապրանքանիշի խանութները, նաև Հայաստանում բիոմաքրման կետեր ունենալ: Սրանով երիտասարդ գործարարը նաև աշխատատեղերի խնդիր է լուծում:
Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ Գոռը տեղեկացրեց՝ Երևանում քննարկվում է վաճառակետերի տարածքի հարցը: «Մինչև ապրիլի վերջ կբացվի բիոմաքրման կետը, որը համալրված կլինի ամենաժամանակակից սարքավորումներով: Ի դեպ, նմանատիպ սարքավորումներով գործող կենտրոններ անգամ Ֆրանսիայում քիչ կան: Սրանով նաև որոշ չափով աշխատատեղերի հարց կլուծվի»,-նշեց Գոռը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ բիոմաքրման հաջորդ կետը ծրագրված է բացել Գյումրիում: «Չնայած Գյումրիում հայտնի զուգագուլպաների վաճառակետ բացելու մասին դեռ վաղ է մտածել` հաշվի առնելով արդյունավետությունը, բայց բիոմաքրման կետ, հուսով եմ, շուտով կբացվի»,- նշեց Գոռը` հավելելով, որ Երևանում վաճառակետերից մեկը նախատեսում է բացել մինչև սեպտեմբեր:
Ի դեպ, «Farell»–ի զուգագուլպաները նաև ռուս աղջիկներին են գերել. երիտասարդը վաճառակետ բացելու առաջարկ ունի նաև ՌԴ-ից: Ռուսաստանում խանութների ցանցի առաջին վաճառակետը նախատեսված է բացել 2019 թվականին:
Գոռը Հարոյանը ծնվել ու մեծացել է Գյումրիում: Նա դպրոցն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա: Քոլեջն ավարտելուց հետո Գոռը կրթությունը շարունակել է և բիզնեսի կառավարման ոլորտի մասնագետի որակավորում ստացել: Ուսումն ավարտելուց հետո Գոռն ընկերոջ հետ հիմնել է զուգագուլպաների ապրանքանիշը, որը կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում է ձեռք բերել Ֆրանսիայում: Հետագայում, բացի զուգագուլպաներից, սկսել է նաև լողազգեստներ, աքսեսուարներ արտադրել ու ընդլայնել բիզնեսը. ապրանքանիշն արդեն մոտավորապես 300 վաճառակետ ունի ամբողջ աշխարհում: