Կառավարությունը հաստատեց ՀՀ - ԵՄ համաձայնագրի վավերացման նախագիծը

Հայաստանի և Եվրամիության միջև անցած տարի ստորագրված ընդլայնված գործընկերության համաձայնագիրն այսօր անցավ վավերացման` օրենքով նախատեսված հերթական փուլը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայաստանի կառավարությունն ընդունեց ԵՄ համաձայնագրի վավերացման որոշումը։ ԱԳՆ–ի որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Երևանն օրինակ ծառայեց. Հայաստան–ԵՄ համաձայնագիրը քննարկել են Թբիլիսիում

«Այս շրջանակային համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր մակարդակի է բարձրացնում ՀՀ և ԵՄ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում»,– ասաց փոխնախարարը։

Քոչարյանը նաև հիշեցրեց, որ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ. նոյեմբերի 24-ին։

Համաձայնագիրը, ինչպես նշեց Շավարշ Քոչարյանը, ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ ԵՄ անդամ վերջին պետությունը կհայտարարի, որ ավարտել է ներպետական գործընթացները։ Այս պահին նման հայտարարությամբ հանդես է եկել միայն Էստոնիան։