Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը շտապեց և մինչև վերջ չպահեց ինտրիգը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անակնկալի է բերել ՀՀԿ-ականներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Սերժ Սարգսյանի՝ tert.am-ին տված հարցազրույցը, որով վերջինս փակագծեր է բացում և, ըստ էության, հայտարարում է, որ ինքն է լինելու ՀՀԿ-ի ՀՀ վարչապետի թեկնածուն, անակնկալ է եղել հանրապետականների համար: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա մեկ նախապայմանով. Tert.am

«Երեկ մասնավոր զրույցներում Սարգսյանի կուսակիցները խոստովանում էին, որ սպասում էին մոտավորապես նման մի հայտարարություն, բայց ոչ այսքան շուտ: Ու հիմնական հարցը ՀՀԿ-ականների շրջանում (և ոչ միայն) հետևյալն էր՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը շտապեց և մինչև վերջ չպահեց ինտրիգը. ՀՀԿ-ի պլանը հետևյալն էր՝ ապրիլի 16-ին վարչապետի թեկնածու են առաջադրելու, 17-ին ընտրելու են նրան»,- նշված է հոդվածում:

Թերթը հիշեցնում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը լքելու է նախագահի պոստը և մինչև ապրիլի 17-ը որևէ պաշտոն չի ունենալու: Միաժամանակ, ապրիլի 9-ին հրաժարական է տալու գործող կառավարությունը: Այսինքն, մի ամբողջ շաբաթ Հայաստանում գործադիր իշխանություն չի լինելու: Այդ օրերին փողոցային պայքար սկսելու պլաններ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով:

«Եթե հանկարծ ժողովուրդն իսկապես փողոց դուրս գա և պատրաստակամություն ցուցաբերի՝ իր ձեռքը վերցնել իշխանությունը, ՀՀ-ում լրիվ այլ իրավիճակ կստեղծվի, իշխանափոխության նոր հնարավորություն»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Ըստ հոդվածագրի` թերևս հենց այս հեռանկարից էլ Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի են տվել, և նա շտապել է ասել այն, ինչ ասաց նախօրեին»: