Հայաստանում 40 հավելյալ չվերթ կիրականացվի իրանցիների համար

Նովրուզը Հայաստանում նշող իրանցիների հոսքն ապահովելու համար, կանոնավոր չվերթերից բացի, հավելյալ չվերթեր կիրականացվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մարտի 21-ին նշվող Նովրուզի կապակցությամբ իրանցիների հոսքը մեծանում է։ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ կապված` իրականցվող կանոնավոր չվերթերին զուգահեռ մարտ-ապրիլ ամիսներին «Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ղեշմ էյր» ավիաընկերությունները կատարելու են հավելյալ 40 չվերթ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Իրանցի կին գործարարը պատմել է` ինչով է Հայաստանը գրավում Նովրուզի օրերին

Նրա խոսքով` կանոնավոր չվերթերն իրականացնում են «Մահան էյր» և «Իրան Ասեման» ավիաընկերությունները, որոնք նույնպես կավելացնեն չվերթերը։

«Այսօրվանից մինչև մարտի 24-ը «Մահան էյրը» իրականացնելու է 5 չվերթ, «Իրան Ասեմանը» 2 չվերթ, մարտի 25-ից « Իրան Ասեմանը» թռիչքները կիրականացնի շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ «Մահան Էյրը»՝ շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ»,-ասաց նա:

Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով` 2017թ-ին Հայաստան են այցելել Իրանի 220 հազար քաղաքացի, ինչը 16 տոկոսով շատ է 2016թ-ի ցուցանիշից (շուրջ 185 հազար)։ 2017թ-ին Հայաստան այցելած արտասահմանցիների թիվը կազմել է 1,5 միլիոն, ինչը 18,7 տոկոսով շատ է 2016թ-ի նույն շրջանի ցուցանիշից (1 260 000 այցելություն)։