Իրաքյան անապատներից այսօր առավոտյան Հայաստան ներթափանցած տաք օդային զանգվածները, որոնք իրենց հետ, ջերմությունից բացի, նաև անապատային փոշի էին բերել, արդեն նահանջել են` իրենց տեղը զիջելով Սև ծովից եկած մաքուր օդին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Հորիզոնում որևէ փոշու հետք չի երևում, օդը մաքրվել է, հորիզոնական տեսանելիությունը` բավականին մեծացել»,- ասաց Սուրենյանը։
Ծովային մաքուր օդից բացի, սևծովյան հոսանքներն իրենց հետ նաև ջերմություն են բերել Հայաստան, որի շնորհիվ, գարնանային ջերմ եղանակը կշարունակվի նաև առաջիկա օրերին։
Եթե վերջին 3-4 օրերին Հայաստանում, Սուրենյանի խոսքով, գրանցվել է նորմայից 10-11 աստիճանով բարձր ջերմաստիճան, ապա մարտի 23-24-ը այն կբարձրանա ևս 5 աստիճանով։
Այդ օրերին հարավից Հայաստան կներթափանցի տաք օդի հերթական ալիքը։
«Բայց եթե վերջին 2-3 օրերին տաք եղանակն ուղեկցվում էր արևով, ապա 23-24-ին արև չի լինի, կլինի ամպամածություն, բայց շատ տաք օդ։ Մի տեսակ գոլ օդ կզգանք ամպամածության պայմաններում»,- ասաց Սուրենյանը։
Իսկ ամենաբարձր ջերմաստիճանն այդ օրերին կանխատեսվում է Սյունիքում։ Հովտային հատվածներում` Մեղրիում, Կապանում, Ագարակում և հարակից բնակավայրերում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-33, Արարատյան դաշտում մարտի 24-ին կհասնի մինչև 28, Տավուշում` մինչև 30 աստիճան։