Երկվորյակների տարին Հայաստանինն է. աստղագուշակն ասել է`ինչ սխալներ ստիպված կլինենք շտկել

Ինչպես վստահեցնում է աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը, մարտի 21-ին ուժի մեջ է մտնում իսկական աստղագիտական և աստղագուշական նոր տարին, որը կանցնի Մերկուրի մոլորակի հովանավորության տակ։ Մերկուրին իր հերթին հովանավորում է Երկվորյակներին։ Այդ համաստեղության տակ է «ծնվել» Հայաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Այս տարին (սկսած մարտի 21-ից) Հայաստանի համար մեծ փոփոխությունների տարի է, քանի որ մեր երկիրը «ծնվել է» Երկվորյակների համաստեղության տակ, սակայն պետք է զգույշ լինել որոշումներ կայացնելիս։ Դրանք կազդեն կյանքի առաջիկա 7 տարիների վրա։

Այս մասին մարտի 21–ին` Աստղագուշակության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էզոթերիկ–աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը։

Մեծն Նոստրադամուսի գուշակությունները․ ի՞նչ է սպասվում աշխարհին 2018 թվականին

Նրա խոսքով՝ չորեքշաբթին նոր նախաձեռնությունների օր է լինելու հայ ժողովրդի համար, քանի որ հենց մարտի 21-ին է մեր երկիրը Երկվորյակների «իր» տարին թևակոխում:

«Այսօր աստղագիտական Նոր տարին է նշվում։ Այսօրվանից կկատարվեն 2017 թվականի վերջին արված բոլոր կանխագուշակությունները։ Մի շարք ժողովուրդներ այսօր տոնում են գարնան սկիզբը` Նովրուզը, սակայն այդ տոնը միայն մուսուլմանական ավանդույթների հետ չի կապված», – ասաց աստղագուշակը։

Հովհաննիսյանի խոսքով` հայերի համար երկար տարիներ հենց մարտի 21-ն էր խորհրդանշում նոր տարվա սկիզբը, երբ նշում էին Վահագնի գալստյան տոնը:

Աստղաբանը նշեց, որ մինչև 2019 թվականի մարտի 20-ը հայերը հնարավորություն կունենան դրսևորելու իրենց կարողությունները, հատկապես բիզնեսի, հաղորդակցման, տեղեկատվության ոլորտում։

Ժամանակակից Նոստրադամուս. «Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է միավորվեն»

«Սակայն սթրեսային իրավիճակներ ավելի շատ կլինեն։ Պետք է զգույշ լինել նոր որոշումներ կայացնելիս, քանի որ ցանկացած սխալ  «ուղղելու» համար կպահանջվի առաջիկա 7 տարին», – նշեց աստղաբանը։

Հայաստանում նշված ժամանակահատվածում հատուկ ուշադրություն պետք է դարձնել կրթության ոլորտին և երեխաներին։

Եթե մենք ճիշտ կազմակերպենք կրթությունը երիտասարդ սերնդի համար, կարող ենք մեր առջև ծառացած մի շարք խնդիրներ լուծել։ Դա հիմնականում վերաբերում է այն խնդիրներին, որոնք կուտակվել են վերջին 20-25 տարում։

Առաջիկա մեկ տարին, ինչպես նշեց էզոթերիկը, հիանալի ժամանակահատված է, որպեսզի մարդիկ ազատվեն խնդիրներից և սկսեն գործել։

«Մենք սովոր ենք բողոքել իշխանությունից, նախագահից, երկրից։ Չի կարելի մի բանի հասնել` «բողոքի էներգետիկայի» վրա հիմնվելով», – Sputnik Արմենիայի հարցին պատասխանելով՝ ասաց Հովհաննիսյանը։

Առաջիկա 15-17 տարիները կախված կլինեն հենց այն որոշումներից և գործողություններից, որոնք մեր երկրում կկայացվեն մեկ տարվա ընթացքում (2018 թվականի մարտի 21-ից մինչև 2019 թվականի մարտի 20-ը)։