Հայ քրեական հեղինակության ընտանիքին համառորեն ուզում են սպանել

Անտառային հատվածում թաքնված դիպուկահարն իմացել է` որտեղով էր անցնելու զոհի ավտոմեքենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Քրեական հեղինակություն համարվող Վալտեր Հարությունյանի որդու` Տուապսեի շրջանային խորհրդի պատգամավոր Արթուր Պոդոլսկու դեմ մահափորձ է իրականացվել։ Այս մասին հայտնում է «Կրասնոդար բլոկնոտ» կայքը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 19-ի երեկոյան Տուապսեում։

Անապայում ցանկացել են սպանել հայտնի հայ հեղինակության որդուն

Ըստ աղբյուրի` Արթուր Պոդոլսկին սև Audi-ով է եղել։ Երբ նա ճանապարհի խոր փոսերից մեկի մոտ դանդաղեցրել է ընթացքը, անտառային հատվածում թաքնված անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել մեքենայի ուղղությամբ։ Գնդակներից երկուսը դիպել են պատգամավորին, բայց նա կարողացել է ինքնուրույն հեռանալ դեպքի վայրից։

Այժմ Արթուր Պոդոլսկին Կրասնոդարի հիվանդանոցներից մեկում է։ Նրա առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ, բայց նշվում է, որ կենսական կարևոր օրգանները չեն վնասվել։

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Հիշեցնենք, որ սա Պոդոլսկիների ընտանիքի անդամների դեմ իրականացված մահափորձի առաջին դեպքը չէ։ Անցած տարվա դեկտեմբերին մահափորձ էր իրականացվել նրա եղբոր` Թիմուր Պոդոլսկու դեմ, բայց նա ողջ էր մնացել։ Իսկ 2016-ին գլխի շրջանում հրազենային վնասվածքներից մահացել էր Թիմուրի կինը։

Թիմուրի և Արթուրի հայրը` Վալտեր Հարությունյանը, Անապայում հայտնի քրեական հեղինակություն էր։ Նրան սպանել են 2013 թվական նոյեմբերի 6-ին տեղի գերեզմանատանը։