Ինչպես է տղամարդը Հյուսիսային պողոտայի խանութից թանկարժեք ժամացույց գողանում. տեսանյութ

Միջոցներ են ձեռնարկվում խանութի ցուցափեղկից երկու ժամացույց հափշտակած անձի ինքնությունը պարզելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 6-ին` ժամը 18:47-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանի Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկի ցուցափեղկի վրայից գաղտնի հափշտակել է տղամարդու երկու ժամացույց՝ պատճառելով խոշոր չափի վնաս: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նարնջագույն բաճկոնով մի տղամարդ մուտք գործում խանութ, ապա ցուցափեղկից վերցնում ինչ-որ իր և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

ՔԿ–ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: