Տղամարդը նռնակ է պայթեցրել հայկական գերեզմանատան մոտ

Դեպքը տեղի է ունեցել Քիշնևի հայկական գերեզմանատան մուտքի դիմաց գտնվող մթերային խանութում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Անհայտ անձը նռնակ է պայթեցրել Քիշնևի կենտրոնում` Մատեևիչի ու Արմյանսկայա փողոցների խաչմերուկում, Հայկական գերեզմանատան մոտ։ Ինչպես հայտնում է Sputnik Մոլդովան, պայթյունի մասին տեղեկությունը հաստատել է ոստիկանության գլխավոր տեսչությունը։

«Քիշնևի ոստիկանության տեսչությունը հայտնում է, որ մի քանի րոպե առաջ Արմյանսկայա-Մատեևիչի փողոցներում գտնվող խանութում հնչած պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Ոստիկանները դեպքի վայրում են»,-նշել են ոստիկանությունից։

Ոչ պաշտոնական վարկածով` պայթյունի պատճառ կարող էր լինել կենցաղային գազը։ Այս պահին դեպքի վայրը շրջապատված է, տեղում աշխատում են քրեագետները։

Ականատեսները վստահեցրել են, որ պայթյունի պատճառը ոչ թե կենցաղային գազն է, այլ խանութի վաճառողի և այնտեղ մտած տղամարդու վեճը։ Նրանք ասել են, որ տղամարդը փորձել է ինչ-որ ապրանք վերցնել` առանց գումար վճարելու, բայց նրան մերժել են, տղամարդն էլ դուրս է եկել խանութից ու նռնակ պայթեցրել։