Արևմտյան պարբերականը ստո՞ւմ է. Հայաստանն ուռուցքից մահանալու ցուցանիշով առաջատար չէ

Առողջապահության նախարարությունը հերքում է World Life Expectancy («Կյանքի տևողությունն աշխարհում») էլեկտրոնային պարբերականում տպագրված տեղեկությունն այն մասին, թե չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջին տեղում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարությունը տեղեկություն է տարածել, որով հակադարձում է առանձին արևմտյան լրատվամիջոցներին, որոնք իրենց հավաստմամբ` ոչ հավաստի տվյալներ են հրապարակել Հայաստանի մասին` իբրև մեր երկիրը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշներով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։

«Դժվար է ճշտել, թե վկայակոչվող ոչ պաշտոնական World Life Expectancy («Կյանքի տևողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականը որտեղից է քաղել հրապարակած այդ տվյալները։ Հստակ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներն իրենց ցուցանիշներն ուղարկում են ԱՀԿ` միջազգային տվյալների հրապարակման և երկրների միջև համեմատական վերլուծություն կատարելու նպատակով»,- նշված է տեղեկատվության մեջ։

Դեղորայքային քննարկումներ Հայաստանում. պետության բիզնես-նախագի՞ծ, թե՞ անհրաժեշտություն

Ըստ ԱՆ-ի` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար գործող «European Health Information Gateway»  պաշտոնական կայքի տվյալների շտեմարանը հնարավորություն է տալիս այս ցուցանիշների համեմատական վերլուծություն կատարել և համոզվել, որ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշը Հայաստանում ցածր է շատ երկրների համեմատ։

«European Health Information Gateway» տվյալների շտեմարանում առկա են ըստ տարիքի տարբեր պատճառներից մահացության ստանդարտացված ցուցանիշներ և ԱՀԿ կողմից վերլուծվող մի շարք այլ վիճակագրական տվյալներ:

Համաձայն դրանց` Հայաստանում չարորակ նորագոյացությունների պատճառով վաղաժամ (0-64 տարիքային խմբում) մահացության ցուցանիշը կազմել է 83, իսկ բոլոր տարիքային խմբերում` 186 (100 000 բնակչի հաշվով)։ Հունգարիայում նույն ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 117 և 230, Խորվաթիայում` 89.3 և 208.4, Սերբիայում` 102 և 198.5, Լատվիայում` 89.4 և 194.5, Լեհաստանում` 87.7 և 192, Ռումինիայում` 91 և 176, Մոլդովայում` 90.4 և 165.2:

Հետևաբար, տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իրականությանը չի համապատասխանում։