ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Վորոնեժի շրջանում վթարված Երևան-Մոսկվա ուղերթը կատարող Mercedes մակնիշի ավտոբուսի վարորդներին քննչական մարմինները հարցաքննել են։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանի մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ուղևորների մի մասին այլ փոխադրամիջոցով ուղարկել են Մոսկվա։ Ըստ նրա` Պավլովսկից արդեն 31 ուղևոր է ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք։
Թորգոմյանը հաստատեց, որ վթարի զոհերից մեկը փոխարինող վարորդը չի եղել, ինչպես մինչ այդ հայտարարվել էր, այլ սովորական ուղևոր է եղել։
Մամուլի քարտուղարը նշեց, որ այժմ քննչական մարմինները կատարվածի պատճառների մի քանի վարկած ունեն, բայց դեռևս վերջնական հետևություններ ու եզրակացություններ դեռ չեն արվել։
«Ավտոբուսի վարորդները բուժզննում են անցել։ Թե՛ նրանց, թե՛ ուղևորներին արդեն հարցաքննել են»,- ասաց Թորգոմյանը։
Հիշեցնենք, որ մարտի 20-ի առավոտյան Մոսկվայի ժամանակով մոտ ժամը 08։30-ին Վորոնեժի մարզի Պավլովյան շրջանում` Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին, բախվել են Հայաստանից Ռուսաստան մեկնող ավտոբուսն ու բեռնատարը։ Զոհվել են ավտոբուսի ուղևորներից մեկը և բեռնատարի վարորդը։ Նախնական վարկածով` ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը, դուրս է եկել հանդիպակաց ճամփուղի և բախվել բեռնատարին։
Ավտոբուսում 50 ուղևոր է եղել և երկու վարորդ։ Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։