ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նախագահներն այսօր զրուցել են հեռախոսով։
Երկրի ղեկավարները խոսել են տարբեր ուղղություններով գործակցելու մասին, քննարկել են ռազմական կայունության ապահովմանն ու միջազգային ահաբեկության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Ընդգծվել է նաև ռազմական մրցավազքը սահմանափակելու համակարգված ջանքերի կարևորությունը։
Նրանք նշել են, որ տնտեսական համագործակցությունը պետք է ակտիվացնել, շոշափել են նաև էներգետիկայի ոլորտը, անդրադարձել են սիրական ճգնաժամին։
Առաջնորդները պայմանավորվել են զարգացնել շփումները։ Հատուկ ուշադրություն է հատկացվել բարձր մակարդակով հանդիպումների անցկացման հարցին։
Հեռախոսազրույցը կառուցողական և գործնական բնույթ է ունեցել, ուղղված է եղել ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրների հաղթահարմանը։