Հայտնի են Երևան-Մոսկվա ավտոբուսի ու բեռնատարի վթարի պատճառով տուժածների անունները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է տուժածների ցանկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Արդեն հայտնի են Վորոնեժի մոտակայքում Երևան-Մոսկվա ավտոբուսի և բեռնատարի վթարի պատճառով տուժած ուղևորների անուն–ազգանունները։ Ցանկը հրապարակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ավտոբուսում եղել են 50 ուղևոր և 2 վարորդ (1972 թ. ծնված Տիգրան Բաբախանյան և 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյան). մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մահացած ուղևորը 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ի առավոտյան Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախվել են Հայաստանից Ռուսաստան մեկնող ավտոբուսն ու բեռնատարը։

Վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը։