Դանակահարություն Երևանում. 44–ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Վիճաբանությունն ավտոբուսը կայանելու շուրջ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 18-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-դանակահարության փաստով: Այս մասին գրում է SHAMSHYAN.com-ը։

Մարտի 18–ին, ժամը 12:50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 44-ամյա Արտակ Ղ.-ն է: Արտակ. Ղ.-ն ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:

Պարզվել է, որ նույն օրը՝ կեսօրին, Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/3 հասցեի դիմաց Արտակ Ղ.-ի հետ վիճաբանել է Երևանի բնակիչ, 29-ամյա Արթուր Հ,-ն, ով խոհանոցային դանակով հարվածել է Արտակ Ղ.-ին: Ժամեր անց Արթուր Հ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն է տվել և բաց թողնվել:

Նախնական տեղեկություններով՝ վիճաբանության պատճառ է եղել թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը կանգառից դուրս կայանելու հարցը։ Արթուր Հ.-ն թիվ 35 երթուղում միկրոավտոբուսի վարորդ է: