Ռուսաստան մեկնող զբոսաշրջիկների թվով Հայաստանը 1–ին տասնյակում է

Հայերը, որպես զբոսաշրջիկ, սկսել են ավելի հաճախ շրջագայել Ռուսաստանի գյուղերով և քաղաքներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հայաստանը հայտնվել է այն երկրների տասնյակում, որտեղից որպես զբոսաշրջիկ հաճախ են այցելում Ռուսաստան։ Այս մասին տեղեկացնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը։

Տուրիզմի վարկանիշային աղյուսակում` 2017թ.–ին Ռուսաստանի Դաշնություն այցելուների թվով Հայաստանի հետ մեկտեղ հայտնվել են մի շարք երկրներ նախկին Խորհրդային Միությունից և եվրոպական երկրներից։

Հայաստանն այս ցուցակում 7–րդ տեղում է։ ՏուրՍտատի տվյալներով` 2017 թ.–ի ընթացքում Հայաստանից Ռուսաստան 584 հազար զբոսաշրջիկ է այցելել, իսկ ընդհանուր առմամբ 2017–ի ընթացքում Ռուսաստան է այցելել 24 միլիոն զբոսաշրջիկ։

Ռուսաստան այցելող զբոսաշրջիկների թվով առաջատար է Ուկրաինան(8,7 միլիոն), 2–րդ տեղում Ղազախստանն է (3,5 միլիոն)։ Առաջին եռյակը եզրափակում է Չինաստանը (1,5 միլիոն)։ Հարևան Ադրբեջանն այս հարցում զբաղեցնում է 5–րդ հորիզոնականը (876 հազար)։