ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀԿԳ ավագ քննիչը` Մ.Ա.-ն, քաղաքացի Ս.Ա.-ի օժանդակությամբ, գումարի դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, ապօրինի գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև իր վարույթում գտնվող գործերով անցնող անձանց օգտին գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Ա.-ն, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ս.Ա.-ն։
Նախաքննությունը շարունակվում է։