Առողջապահության նախարարությունում այլ իրականություն է, հիվանդանոցներում՝ այլ

«Ժողովուրդ» թերթի դիտարկմամբ` էլեկտրոնային առողջապահության նոր կարգը գլխացավանք է դարձել բուժօգնու­թյան կարիք ունեցող քաղաքացիների ու բժիշկների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էլեկտրոնային առողջապահության նոր կարգը պարզապես գլխացավանք է դարձել առաջին հերթին բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների, նաև բժիշկների համար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ահազանգեր է ստացել տարբեր բուժհաստատություններ այցելած անձանցից:

Դեղատոմսով վաճառվող դեղերի թեման շարունակվում է. նախարարը պիտի հաստատի՞, թե՞ ոչ
Մասնավորապես՝ երեկ ամբողջ օրը, էլեկտրոնային առողջապահական ծրագիրը մի քանի հիվանդանոցներում չի գործել, ինչը հանգեցրել է աշխատանքի խափանման: Այսինքն՝ հիվանդները չեն կարողացել գրանցվել, որպեսզի նույն օրը կամ հաջորդ օրերին բուժօգնություն ստանան:

Հատկապես վատ վիճակում են այն մարդիկ, որոնք վիրահատության կարիք ունեն: Չնայած հիվանդանոցներում խառնաշփոթային իրավիճակին, առողջապահության նախարարությունում, ինչպես միշտ, հանգիստ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը նախ նշեց, թե ինքը տեղյակ չէ նման խափանումների մասին, ապա հավելեց, թե էլեկտրոնային համակարգի խափանումը չի կարող աշխատանքի դադարի պատճառ դառնալ՝ պատճառաբանելով, թե հիվանդանոցներում այդ դեպքերում մատյաններում են գրանցում, ապա ընդգրկում համակարգ:

Այնպիսի տպավորություն է, որ նախարարությունում այլ իրականություն է, հիվանդանոցներում՝ այլ»: