Արցախի հանդեպ ալերգիա. Բաքվի պահանջով Թուրքիայում արգելել են հայ–իրանական ֆիլմը

Ֆիլմը պատմում է իրանցի կնոջ մասին, որը փախչում է իր ամուսնուց և ապաստան գտնում Արցախի գյուղերից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ադրբեջանի պահանջով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Աբադ. Ինձ համար հետաքրքիր էր պատերազմի հետքը մարդկային ճակատագրերի վրա

Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին:

Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության ակտիվ միջամտության հետևանքով:

«Ադրբեջանի հյուպատոսարանը ֆրանսիական մշակույթի կենտրոն պաշտոնական դիմում էր ուղարկել՝ պահանջելով ֆիլմի ցուցադրության արգելումը: Մենք ֆիլմն ուղարկեցինք մշակութային կենտրոն, նրանք էլ դիտել էին ու եկել այն եզրակացության, որ ցուցադրությունն արգելելու համար որևէ պատճառ չկա: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որ փախչում է Իրանում գտնվող իր նախկին ամուսնուց և ապաստան գտնում Արցախի գյուղերից մեկում: Մենք չգիտեինք, որ Ադրբեջանը պետական մակարդակով շատ զգայուն է այդ թեմայի նկատմամբ։ Մենք ասացինք, որ ֆիլմում որևէ մեկին նվաստացնող խոսքեր չկան, և մենք չենք կարող հետևել յուրաքանչյուր պետության համար զգայուն թեմաներին»,- ասել է Օզմանը:

Բայց Ադրբեջանի կառավարությունը, նրա խոսքով, տարբեր մակարդակներով դիմել է արտգործնախարարություն, նույնիսկ մինչև նախարար են հասել: Ի վերջո, Ադրբեջանի կառավարության պահանջով Թուրքիայում ֆիլմի ցուցադրության դեմ միջոցառումներ են ձեռնարկվել, և ահա վերջում եկել է արգելող գրությունը։

Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն է:

Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։