Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում. Բաբլոյան

Արցախը ձևավորված պետական կայուն ժողովրդավարական համակարգով ու ենթակառուցվածքներով պետություն է։ ՀՀ ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում խոսեց Արցախի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Այսօր Երևանում գումարվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ նիստը Հայաստանում տեղի է ունենում մեր երկրի համար մի քանի հիշարժան հոբելյանների տարում՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա, մայրաքաղաք Երևանի 2800-ամյա և Արցախյան ազատագրական շարժման 30-ամյա հոբելյանների հետ։

«ԼՂ հակամարտության հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է». Սերժ Սարգսյան

«1923թ. Ստալինի կամայական որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երեք տասնամյակ առաջ աշխարհին բարձրաձայնեց իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու կամքը: Արցախի Հանրապետությունն այսօր դե ֆակտո կայացած պետություն է` ձևավորված պետական կայուն ժողովրդավարական համակարգով ու ենթակառուցվածքներով, զարգացող տնտեսությամբ»,- իր ելույթում ասաց Բաբլոյանը։

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, մարդու հիմնարար իրավունքների, ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

«Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում, որտեղ հայատյացությունը դարձել է պետական քաղաքականություն»,- իր ելույթում նշեց Բաբլոյանը` հավելելով, որ ճանաչված չլինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա այնտեղ ապրող մարդկանց իրավունքների իրացման համար

Քանի որ խաղաղությունն ու ժողովրդավարությունը ֆրանկոֆոնիայի գերակա արժեքներն են, Բաբլոյանի հավաստմամբ, Արցախի Հանրապետությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում զարգացնելու Ֆրանկոֆոնիան իր տարածքում: Դրան նպաստում են նաև տարբեր երկրներ ներկայացնող ֆրանսախոս խորհրդարանականների այցերն Արցախ: Իսկ Արցախի խորհրդարանի ղեկավարությունն աշխատանքներ է տանում Արցախում Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի կազմավորման ուղղությամբ:

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին ներկա են ՀՀ արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական կոմիտեի նախագահ Էդուարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ Անդրե-Ֆրասսան: Այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Հայաստանը կկազմակերպվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: