Ապրիլի 1-ից էականորեն կդյուրացվի ապրանքների հայտարարագրման գործընթացը

Մարտի 20-ին մեկնարկել է էլեկտրոնային հայտարարագրման փորձնական ծրագիր՝ այն գործնականում թեստավորելու և ի հայտ եկած խնդիրները շտկելու նպատակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ 2018թ. ապրիլի 1-ից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են ապրանքների հայտարարագրերի գրանցումն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատացված համակարգի միջոցով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այսօր մեկնարկել է էլեկտրոնային հայտարարագրման փորձնական ծրագիր՝ գործնականում թեստավորելու և ի հայտ եկած խնդիրները շտկելու նպատակով:

Էլեկտրոնային հայտարարագիրը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող, էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված մաքսային հայտարարագիրն է: Էլեկտրոնային հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերը հայտարարատուն հնարավորություն ունի իր էլեկտրոնային արխիվից ներբեռնել և կցել հայտարարագրին:

Ձերբակալվել են մաքսային տեսուչներ կաշառքով ապօրինի գործողություններին աջակցելու համար

Բացի այդ, հայտարարատուին հնարավորություն է տրված մաքսային վճարների համապատասխան հաշիվների վրա առկա դրական մնացորդից ինքնուրույնաբար մարելու էլեկտրոնային հայտարարագրի հիման վրա կատարման ենթակա վճարման պարտավորությունները:

Արդյունքում՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից «կանաչ ուղու» ընտրության, այսինքն՝ առանձնահատուկ հսկողության ենթակա ռիսկեր չհայտնաբերվելու դեպքում հայտարարագրման գործընթացն իրականացվում է առանց մաքսային հայտարարագրի և դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար մաքսատուն այցելելու անհրաժեշտության:

Էլեկտրոնային հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո «կանաչ ուղու» ընտրության դեպքում, հայտարարատուն կարող է անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստից ստանալ ապրանքները:

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապրանքների հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ վավեր նույնականացման քարտ, նույնականացման քարտի տվյալները ընթերցող համապատասխան էլեկտրոնային սարք և ակտիվացված էլեկտրոնային ստորագություն: Էլեկտրոնային հարթակից օգտվել կարողանալու համար մարտի 21-ից հայտարարատուների և մաքսային միջնորդների համար կազմակերպվում են դասընթացներ: