«Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբը Ադրբեջանից 15 տարով մեծ է. հիշեցնում է Շարմազանովը

ԱԺ փոխնախագահն այսօր իր հրապարակային ելույթում հիշվել է Ադրբեջանի տարիքն ու թերթել այդ պետության պատմության էջերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ ամբիոնից հնչեցրած իր ելույթում անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարություններին` Ադրբեջանին հիշեցնելով իր պատմության որոշ դրվագներ:

Ալիևը սպառնում է «պատմական Ադրբեջանին». Արցախի բանակցությունները նոր թափ կստանան

«Մենք շարունակելու ենք սատարել Արցախի քաղաքացիների աստվածատուր պայքարին, և այդ գործընթացում հիմնական գործոնը պետք է լինի մեր բանակը: Այն թե՛ 90-ականներին, թե՛ այսօր հարկ եղած դեպքում արժանիորեն հակահարված է հասցնում ադրբեջանական սադրանքներին»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ այս ամենը նյարդայնացնում է Ադրբեջանի իշխանություններին, որոնք հանդես են գալիս հայտարարություններով, թե Արցախի ու Հայաստանի մեծ մասը պատմական ադրբեջանական տարածքներ են:

«Պատմական տարածքներ ունենալու համար նախ պետք է ունենալ պատմություն: Ադրբեջան պետության պատմությունը 100 տարին չի բոլորել: Ադրբեջանն արհեստական պետություն է, որը ստեղծվել է 1918թ-ի մայիսին թուրք Նուրի Փաշայի ինտերվենցիայի արդյունքում: Այդ պետությունն առաջացել է պատմական Հայաստանի Ուտիք և Արցախ նահանգների, աղվանական և իրանական տարածքներում: Ադրբեջանում շատ հայտնի «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբը 15 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջան պետությունը»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակն իր ելույթում նաև շեշտեց, որ բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ մնում է ամենամեծ տնտեսական աճ ու ակտիվություն ապահովող երկիրը:

Նման տեմպերի պահպանման դեպքում Շարմազանովը խոստացավ` ՀՀ քաղաքացիները ևս կզգան գործադիր իշխանության տնտեսական քաղաքականության դրական ազդեցությունը: