Պուտինը ռեկորդային ցուցանիշ է գրանցել. քվեաթերթիկների ավելի քան 99%–ն արդեն մշակված է

Ռուսաստանի գործող նախագհի օգտին 54,4 միլիոն մարդ է քվեարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը զգալի առավելությամբ հաղթում է նախագահի ընտրություններում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով նրա օգտին քվեարկել է ընտրողների 76,67 տոկոսը։ Արդեն ստուգված է քվեաթերթիկների ավելի քան 99%-ը։

«Ի՞նչ է, մինչև 100 տարեկանս պիտի այստեղ նստե՞մ». Պուտինը` 2030 թվականի մասին

ՌԴ նախագահ Պուտինն իր քաղաքական կարիերայի ընթացքում հավաքել է առավելագույն ձայները. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 միլիոնով շատ է, քան 2004 թվականին: Բացի այդ, նրա օգտին քվեարկողների թիվն ավելին է, քան մյուս բոլոր թեկնածուներինը միասին վերցրած:

Պուտինն արդեն շնորհավորել է իր աջակիցներին ու կողմնակիցներին հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր թիմը կարողացել է արժանի արդյունք գրանցել:

«Շատ կարևոր է անել այնպես, որ մարդիկ ձեզ հավատան, զգան անկեղծություն, հասկանան, որ այն ինչ ասում եք, ասում եք ի սրտե: Եվ դա ձեզ հաջողվեց»,- նախընտրական շտաբում ելույթի ժամանակ ասել է նա:

Ընտրությունների արդյունքում 11,79 տոկոս ձայներով երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, իսկ 5,66 տոկոսով երրորդ տեղում՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նրան հաջորդում է հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը՝ 1,67 տոկոս: