Արցախի նախագահ Բակո Սահակյանն ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի առաջադեմ գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այս հանդիպումները կարևոր է համարում։ «Միացյալ նահանգներում արտաքին քաղաքականության վրա լուրջ ազդեցություն ունեն գիտահետազոտական կենտրոնները։ Դրանք են մշակում ու պետդեպարտամենտին ներկայացնում արտաքին քաղաքականության կարևոր ուղենիշները։ Կարևոր է, որ Արցախի ժողովրդի ձայնը` նախագահ Սահակյանի միջոցով, լսելի դարձավ նաև այս կենտրոններում։ Բակո Սահակյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման Արցախի դիրքորոշումը»,– ասել է Սարգսյանը։
Քաղաքագետն անդրադարձել է նաև Բակո Սահակյանի ելույթին ԱՄՆ կոնգրեսում` այն որակելով «ուժեղ ելույթ»։ Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ, Բակո Սահակյանի ամերիկյան բոլոր հանդիպումները շատ կարևոր էին։