Հայաստանի գյուղացիներին խոսքի փոխարեն տրակտոր է պետք

Գյուղատնտեսական տեխնիկան Հայաստանում չափազանց թանկ է, այդ պատճառով էլ ոչ բոլորն են կարողանում հողը նորմալ մշակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանի գյուղացիներին գեղեցիկ խոսքերի փոխարեն նոր տեխնիկա է պետք։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ֆերմերային շարժում» կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը։

Ծաղկած ծիրանենի ու տեղումներ` ձյան տեսքով. ի՞նչ վիճակում է գյուղացին

Պարզ է, որ գյուղացին ինքը չի կարող տրակտոր գնել, դրա կարիքն էլ չկա։ Այդ պատճառով էլ պետք է վերակենդանացնել հենց մեքենատրակտորային կայանները։

«Հիմա միայն հարուստներն են տրակտոր ու կոմբայն գնում։ Ու նրանք իմիջիայլոց են վերաբերվում հողին, իսկ նա, ով այդ հողի վրա է ապրում, հազիվ կարողանում է տրակտոր վարձել»,- ասաց Սեդրակյանը։

Նա ավելացրեց, որ հանրապետությունում դժվար է գտնել մի տարածք, որը 15 սանտիմետրից շատ է վարած։ Մինչդեռ ցուրտ շրջաններում կարտոֆիլի համար պետք է հողը առնվազն 25 սանտիմետր վարած լինի։

«Հողն անմշակ է մնում։ Տարածքներից շատերը դատարկ են, իշխանությունները դրան բացարձակապես ուշադրություն չեն դարձնում», — ավելացրեց նա։

Սեդրակյանի խոսքով` գյուղերին մեքենատրակտորային կայաններ են պետք։ Իհարկե, դրա համար տասնյակ, եթե ոչ միլիոնավոր դոլարներ են հարկավոր։ Եթե այդ գումարները չգտնվեն, գյուղացիները կշարունակեն ապրել այնպես, ինչպես հիմա են ապրում։

Նշենք, որ Ազգային վիճակագրական տվյալների համաձայն` հանրապետությունում ընդհանուր առմամբ 15,4 հազար տրակտոր կա։ Դրանցից մոտ 12 հազարն են սարքին վիճակում։