ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Sputnik միջազգային գործակալության և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram ալիքում մեկնաբանել է կիրակի Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը։
Նրա կարծիքով` երեկվա ընտրությունները արևմտյան քաղտեխնոլոգների ձախողումն էին, այն քաղտեխնոլոգների, որոնք նախաձեռնել են պատժամիջոցային հիսթերիան, ռուս մարզիկների նկատմամբ հալածանքները, որոնք «Սկրիպալի գործի» և այլ սկանդալային սյուժեների հեղինակներն են։
Սիմոնյանը գրում է, որ Ռուսաստանի ընտրություններում պահպանողական-հայրենասիրական, կոմունիստական և ազգայնական գաղափարներին սատարել է բնակչության 95%-ը, իսկ լիբերալ գաղափարներին` «մահացու» 5 տոկոսը։ Եվ դրանում, նրա կարծիքով, մեղավոր են բացառապես «արևմտյան ֆրենդները»։
Սիմոնյանը նշել է, որ իրենց անհեռանկարային պատժամիջոցներով, սկրիպալներով և անմեղության կանխավարկածի պես հիմնարար լիբերալ արժեքների նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունքով Արևմուտքը կորցրել է իրեն հարգելու ցանկացած հնարավորություն։
«…Ձեր հետընտրական խառնաշփոթով` թե Միացյալ նահանգներում, թե Գերմանիայում, թե Բրեքզիտ գոտում, RТ-ի նկատմամբ ձեր հալածանքներով, որին չեք կարող ներել այն, որ հեռուստաընկերությունն օգտվելով ձեր իսկ խոսքի ազատությունից` ամբողջ աշխարհին ի ցույց դրեց` փաստորեն դրանից չի կարելի օգտվել, այն ոչ թե օգուտի, այլ գեղեցկության համար է հորինված` բյուրեղապակյա շվաբրի նման (հեռվից փայլում է, սակայն ձեր ախոռները մաքրելու համար բացարձակ պիտանի չէ)։ Բոլոր այս անարդարություններով և դաժանություններով, ինկվիզիտորական կեղծավորությամբ և ստով դուք ստիպել եք մեզ դադարել հարգել ձեզ», — գրում է Սիմոնյանը։
Նրա համոզմամբ` ռուսներն այլևս չեն հարգում իրենց արևմտյան գործընկերներին և բոլոր նրանց, ում Արևմուտքը սատարում է Ռուսաստանում։
«Եվ դրանում ինքներդ եք մեղավոր` արևմտյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, լրագրողները և հետախույզները։ Մեր ժողովուրդը ընդհանրապես շատ բան կարող է ներել։ Սակայն մենք չենք ներում ինքնահավանությունը։ Ինչպես և ցանկացած նորմալ ժողովուրդ։ Ձեր շարքերում դեռևս պահպանվող կայսրությանն արժե ուսումնասիրել իր դաշնակիցների` նախկին կայսրությունների պատմությունը։ Եվ այն, թե ինչպես նրանք կորցրին իրենց իշխանությունը։ Բացառապես իրենց մեծամտության պատճառով», — կարծում է Մարգարիտա Սիմոնյանը։
Սիմոնյանը գրում է` առաջ Վլադիմիր Պուտինը պարզապես նախագահ էր, և նրան կարելի էր հասկանալ, սակայն այժմ նա առաջնորդ է, և ժողովուրդը թույլ չի տա փոխել նրան։
«Իսկ այժմ ամենահետաքրքիրը։ Կռահե՛ք, թե նախորդ ընտրությունների համեմատ որտեղ են հանուն Պուտինի ամենաշատը քվեարկել` Լոնդոնում։ 2012 թվականին` 27,7% էր ձայների քանակը, 2018 թվականին` 51,7%։ Արտերկրում քվեարկողների 84,4%-ն ընտրել է Պուտինին։ Այսինքն` ավելի շատ, քան Ռուսաստանում։ Այդպիսով բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ արևմտյան քաղտեխնոլոգներից ավելի մեծ հիմարներ գոյություն չունեն», — գրում է RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիրը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին, Ռուսաստանում կայացան նախագահի ընտրություններ, բացվել էր ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400-ը` երկրի սահմաններից դուրս։ Քվեարկության ընթացակարգին հետևում էր մոտ 1,5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում էր 8 թեկնածու։
Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ընտրատեղամասերում ավելի քան 99,83% ստուգված քվեաթերթիկների արդյունքով ստացել է ձայների 76,67%-ը։