ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային պահանջների նկատմամբ միջազգային համապատասխան արձագանքի բացակայությունը նրան խրախուսում է ավելի մեծ տարածքային պահանջներ ներկայացնել: Արձագանքելով Իլհամ Ալիևի հերթական հայտարարությանը` Twitter-յան իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
«Ինչպես և սպասվում էր, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջների վերաբերյալ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը նրան խրախուսել է ավելի մեծ տարածքային պահանջներով հանդես գալ»,- գրում է Բալայանը։
Ադրբեջանի նախագահն այսօր` մարտի 19-ին, Նովրուզի առիթով իր տոնական ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքների մեծ մասն «Ադրբեջանի պատմական տարածքներն են»:
Ավելի վաղ, մեկնաբանելով Ալիևի նախորդ հայտարարությունները` Երևանն ու Հայաստանը գրավելու մասին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ 21-րդ դարում անթույլատրելի են որևէ պետության կողմից իր հարևան պետությունը գրավելու մասին կոչերն ու հայտարարությունները։