ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մարտի 24-ին և 27-ին Երևանում էստոնիայի և Լիտվիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար հայրենիք ժամանած Հենրիխ Մխիթարյանը այսօր այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:
Նշենք, որ 2017թ.-ի Հայաստանի լավագույն մարզիկները ստացել էին Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաներ։