Իրանցի կին գործարարը պատմել է` ինչով է Հայաստանը գրավում Նովրուզի օրերին

Մահմեդական աշխարհի մի մասը մարտի 21–ից նշում է Նովրուզ բայրամը` գարնան և Նոր տարվա տոնը։ Հարևան Իրանից Հայաստան են ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ և տոնը նշում մեր երկրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանը գրավում է իրանցիներին հանգստի մատչելի գներով, աշխարհագրական առումով մոտ լինելով։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասաց իրանցի ինժեներ և կին գործարար Հալե Էդեմանդին։

Իրանցիները Հայաստանում խոշոր գործարան կբացեն

Վաղվանից իրանցիները կսկսեն պատրաստվել գարնան տոնին` Նովրուզին։ Երկու շաբաթվա ընթացքում նրանք կհանգստանան և հյուրեր կընդունեն։

Ինժեներ, գործարար Հալե Էդեմանդին 20 տարի ապրել է Դուբայում, հիմա տեղափոխվել է Հայաստան, նրա երեխաները սովորում են Հայաստանի Եվրոպական համալսարանում։ Ընտանիքը շատ ուրախ է, որ ապրում է մեր երկրում։

«Հայաստանը հիմնականում ընտրում են միջին խավի ներկայացուցիչները։ Իրանցիներն այցելում են նաև Թուրքիա և Ադրբեջան, բայց ամենաէժան ուղղությունները Վրաստանն ու Հայաստանն են», — ասաց գործարար կինը։

Նա ներկայացրեց Նովրուզը տոնելու ավանդույթները և պատմեց, թե ինչպես են իրանցիները տոնում Նովրուզը։

«Տոնական սեղանը երկու շաբաթ չեն հավաքում։ Ըստ ավանդույթի` սեղանին պետք է դրվեն այն խորտիկները, որոնց անվանումը սկսվում է «սին» (ս) տառով` սյամյանի (ցորենի ծիլեր), սեբ (խնձոր), պանիր (սխտոր), սումախ (բարբարիս), սիրկո (քացախ), սիպանդ (սպանախ), սոնջիտ (ձիթապտուղ)։ Բացի այդ, սեղանին պետք է դրված լինի սուրբ գիրքը», — ասաց Էդեմանդին։

Նովրուզի օրն ընտանիքի անդամները հավաքվում են տոնական սեղանի շուրջ, հետո դիմավորում են հյուրերին և իրենք էլ հյուր գնում։ Հայ ընկերները նույնպես անպայման այցելում են իրենց իրանցի ծանոթներին։

«Իրանցիները Նովրուզը մեծ հաճույքով են նշում Հայաստանում, քանի որ կարծում են, որ մեր մշակույթները մոտ են», — ասաց Հալեն։

Իրանագետ, Հայաստանի Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների խմբագիր Տիգրան Դավուդյանը նշեց, որ Նովրուզն ավանդաբար նշել են իրանական էթնոլեզվական խմբի ժողովուրդները, իսկ հիմա պաշտոնապես նշվում է Տաջիկստանում, Աֆղանստանում, Ադրբեջանում և Իրանում։

«Վերջին տարիներին Զբոսաշրջության պետական կոմիտեն ջանքեր է գործադրում մեր իրանցի հյուրերի համար. բրոշյուրներ է բաժանում պարսկերենով, «թեժ գծի» հեռախոսահամար բացում և այլ պայմաններ ստեղծում, որպեսզի զբոսաշրջիկները Հայաստանում իրենց լավ զգան», — ավելացրեց Դավուդյանը։

Նրա խոսքով` ամեն տարի Նովրուզի տոնակատարության ժամանակ մոտ 20 հազար իրանցի է այցելում Հայաստան։

Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով` 2017թ-ին երկիր են այցելել Իրանի 220 հազար քաղաքացի, ինչը 16 տոկոսով շատ է 2016թ-ի ցուցանիշից (շուրջ 185 հազար)։ 2017թ-ին Հայաստան այցելած արտասահմանցիների թիվը կազմել է 1,5 միլիոն, ինչը 18,7 տոկոսով շատ է 2016թ-ի նույն շրջանի ցուցանիշից (1 260 000 այցելություն)։